Սպիտակում երեխաներին կծած շունը մեկուսացվել է

Շուն
Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսն անհրաժեշտ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սպիտակում երեխաներին կծած շունը մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 20-ին հայտնել էինք, որ Սպիտակում շունը հարձակվել է 8 տարեկան երեխայի վրա, մարմնական վնասվածքներ հասցրել երեխային դեմքի, գլխի և պարանոցի շրջանում։ Երեխան Սպիտակի բուժկենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան վիրահատել են։
Տեսչական մարմինը դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել։
Պարզվում է` քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ շունն անմիջապես մեկուսացվել է։
«Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ տեսչական մարմնի` երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսը ստացել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից։