ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սևանա լճից դուրս է բերվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող ջրային հատվածից ապօրինի խեցգետնաորսիչներն առգրավվել են «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած վերահսկողության միջոցառումների արդյունքում։
«Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս, և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հիշեցնում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն` կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 70–պատիկից մինչև 140–պատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100-պատիկից մինչև 200–պատիկի չափով` հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
Որսի կանոնները կոպիտ խախտումը կհանգեցնի որսորդության իրավունքի զրկման` մինչև 3 տարի ժամանակով: