Փաշինյանն ու Խովաևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իգոր Խովաևին
Փաշինյանը ներկայացրել է առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում և կարևորել ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ խորհրդակցությունները:
Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Ավելի վաղ Իգոր Խովաևին ընդունել էր Հ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի սպասվող այցի մասին, ասել էր, որ այն պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված քայլերի համատեքստում: