Միրզոյանն ընդունել է Խովաևին. քննարկել են ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին
Հանդիպմանն ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը քննարկվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:
Հանդիպմանն ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը:
Քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին այսօր ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: