Հուլիսի 24–ից Երևանում և ՀՀ մարզերում կփակվեն փողոցներ` ի պաշտպանություն Արցախի

Բողոքի ակցիա Երևանում` ի պաշտպանություն Արցախի
Ինչպես նշեցին ակցիայի մասնակիցները` Երևանում և մարզերում կմոդելավորեն «փոքրիկ Արցախ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հուլիսի 24–ի վաղ առավոտից` ժամը 8.30–ից, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կփակվեն որոշ ճանապարհներ` բարձրաձայնելու համար Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին։
Այս մասին հայտարարեցին Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ ի պաշտպանություն Արցախի տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները։
«Կմոդելավորենք փոքրիկ Արցախ, կփակվեն որոշ ճանապարհներ։ Չեմ կարող ասել` որ ճանապարհները, բայց մարդիկ կունենան անհանգստություններ, անհարմարություններ, օրինակ` կուշանան աշխատանքից…ու կհասկանան, որ այդքան պարզունակ մի բանը` ազատ տեղաշարժվելը, ինչքան ցանկալի է, կհասկանան, թե արցախցին ինչ է զգում, երբ իր երեխայի համար փորձում է հաց հայթայթել»,– հայտարարեցին ակցիայի համակարգող խմբի անդամները։
Հավելենք, որ այսօր Մյասնիկյանի արձանի մոտից մեկնարկած բողոքի ակցիան երթով հասավ Ազատության հրապարակ, որտեղ և ազդարարվեց ակցիայի ավարտը։
Ի պաշտպանություն Արցախի ակցիայի մասնակիցները հայտարարեցին նաև, որ հուլիսի 24–ի ապակենտրոն ակցիաները կամփոփեն նույն օրը` երեկոյան ժամը 19։00–ին Ազատության հրապարակում։
Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում