Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը

ԵՊԲՀ
Որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է օրդինատուրայի 10 տեղ, առողջապահության նախարարությանը՝ օրդինատուրայի՝ 58, պաշտպանության նախարարությանը՝ օրդինատուրայի՝ 16, ինտերնատուրայի՝ 70 տեղ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԿԳՄՍ նախարարությանը լիազորվել է համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա՝ տրամադրված տեղերի շրջանակում, իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
Հավելենք, որ կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:
Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: