ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հաքերները, որոնք, ամենայն հավանականությամբ, կապ ունեն Չինաստանի հետ, կոտրել են Պեկինում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բըրնսի էլեկտրոնային փոստը, ինչի հետևանքով նրանց ձեռքի տակ են հայտնվել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հարյուրհազարավոր հաղորդագրություններ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հաքերները կարող էին կոտրել նաև ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գործերով օգնական Դենիել Քրիտենբրինկի էլեկտրոնային փոստի հաշիվը, որը ԱՄՆ պետդեպարտամենտում վերահսկում է արևելաասիական ուղղությունը:
Բըրնսի և Քրիտենբրինկի էլեկտրոնային փոստերում առկա տեղեկությունները կարող են թույլ տալ հաքերներին պատկերացում կազմել Վաշինգտոնի կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի պլանավորման, ինչպես նաև Չինաստանի ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ միջգերատեսչական քննարկումների մասին:
Հաքերների ձեռքի տակ հայտնված էլետրոնային հաղորդագրությունների քանակի վերաբերյալ գնահատականները մոտավոր են և կարող են դեռ աճել:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք լրացուցիչ տեղեկություններ չենք հրապարակելու կիբեռանվտանգության ոլորտում միջադեպի բնույթի և մասշտաբի մասին», - պարբերականի հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հուլիսին ամերիկյան մամուլն արդեն հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի և առևտրի նախարարության պաշտոնյաների էլեկտրոնային փոստերը չինական կողմից կիբերհարձակումների են ենթարկվել:
Այս հարձակումները տեղի են ունեցել հունիսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Պեկին կատարած այցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Microsoft-ը նախազգուշացրել է, որ հարձակումների թիրախ են դարձել 25 կազմակերպություններ, այդ թվում ՝ դաշնային հաստատությունների էլեկտրոնային փոստերը: