ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱԽ քարտուղարը խոսել է Ադրբեջանի կողմից 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման մասին։ Նա ընդգծել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի սպասվող այցի մասին, ասել էր, որ այն պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված քայլերի համատեքստում: