ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:
«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ է լծվել պետության կերտման գործին»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։