ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ասիական զարգացման բանկը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը պահպանել է 6,5 տոկոսի մակարդակում: Տեղեկությունը նշված է բանկի ընթացիկ` հուլիս ամսվա տնտեսական հետազոտության մեջ։
Բանկի տվյալներով` գնաճը Հայաստանում, ինչպես և հարևան Վրաստանում, զգալիորեն նվազում է։ 2022 թվականի հունիսին այն կազմել է 10,3%, իսկ 2023 թվականի հունիսին 2017 թվականից ի վեր առաջին անգամ բացասական է եղել (-0,5%)։ Արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը՝ 10,75 տոկոսից հասցնելով 10,5 տոկոսի։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԱԶԲ - ն ակնկալում է գնաճի կրճատում՝ 10,6% - ից մինչև 7,8%:
Հետազոտության մեջ անդրադարձ է արվում նաև Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկերին։ Հետագա էսկալացիան կարող է ազդել էներգակիրների և պարենամթերքի գների վրա։
Միևնույն ժամանակ նշվում է, որ նավթի գնաճը կանխատեսվող արժեքից ցածր կլինի. նախ ՝ Ռուսաստանից արտահանումների սպասվածից քիչ անկման պատճառով, երկրորդը՝ ԱՄՆ-ում պահանջարկի պահպանման շնորհիվ (արևմտյան երկրների՝ կանաչ տնտեսությանն անցնելու ջանքերի հետ մեկտեղ)։ Մասնավորապես, եթե 2023 թվականի համար Brent նավթի գինը նախատեսվում էր մեկ բարելի դիմաց 80-90 դոլար, ապա այժմ՝ 80 դոլարի սահմաններում։