Արշակյանն ու Վորոբյովն անդրադարձել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստ
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը կանցկացվի 2024 թվականին Դիլիջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել են Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացին, ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին վնաս չհասցնելու կարևորությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։
Նշվում է, որ խորհրդարանների փոխխոսնակները Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում նախագահել են ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը։
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստ
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-ռուսական միջպետական համագործակցությունն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
«Հայաստանի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և ուժի կիրառման հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության իրական սպառնալիքի առջև»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն իր հերթին կարևորել է սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:
Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր և Իրկուտսկ քաղաքների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստ
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը, Հակոբ Արշակյանի առաջարկով, կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր նաև հանդիպել է Իրկուտսկ երկրամասի ղեկավար Իգոր Կոբզևի և Իրկուտսկի հայ համայնքի հետ:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստ