Ապօրինի գույքի գործով Սեդրակ Առուստամյանը, կինն ու որդին դատախազություն են հրավիրվել

Սեդրակ Առուստամյան
Առուստամյանի ընտանիքի անդամները կարող են մեկ ամսվա ընթացքում ներկայացնել իրենց դիրքորոշումները, ինչպես նաև հայտարարագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին, կնոջը` Վարդիթեր Խաչատրյանին և որդուն` Գարիկ Առուստամյանին, գլխավոր դատախազություն են հրավիրել։ Ծանուցագրերը հրապարակված են azdarar.am կայքում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– նշված է ծանուցագրում։
Առուստամյանի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Սեդրակ Առուստամյանը, կինն ու որդին պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 3-ին։
Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: