Ակնհայտ սուտ է. ՇՄՆ–ն պատասխանել է Ադրբեջանի «քաղհասարակության» բաց նամակին

Սոթք
Ադրբեջանցիներն իրենց բաց նամակում վկայակոչել են մի շարք հանքավայրեր և գործարաններ, որոնք իրականում գոյություն չունեն ՀՀ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բաց նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։ Այս հայտարարությունն արել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ադրբեջանական «քաղաքացիական ՀԿ»–ներն իրենց բաց նամակում անդրադարձել են ենթադրյալ բնապահպանական լուրջ ճգնաժամին, որն իբր պայմանավորված է ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ։
«Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն այսպես կոչված քաղաքացիական ՀԿ–ներին օգտագործում է Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Այդպիսի օրինակ էր 2022 թ դեկտեմբերին «բնապահպանական ակցիաները», որոնց արդյունքում փակվեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120 000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին»,– նշված է ՇՄՆ–ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հակիրճ անդրադարձել է նամակի մի շարք կետերի։
Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը, նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիտորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում` ծանր մետաղների մոնիտորինգ։
Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքավայրին` ՇՄՆ–ից հիշեցրել են, որ 1964 թվականից այն օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը, և հետևաբար իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
«Նամակում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։ ՀՀ Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։ ՀՀ Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի»,– ադրբեջանցիների նամակի կետերը հերթով հերքում է նախարարությունը։
ՇՄՆ–ն շեշտում է, որ նամակում նշված անվանումներով հանքավայրեր ՀՀ–ում ընդհանրապես չկան։
«Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից»,– ընդգծել են նախարարությունից։
Ադրբեջանական կողմից հիմնական թիրախ ընտրված Երասխի գործարանի առնչությամբ ՇՄ նախարարությունից պարզաբանում են, որ այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։
Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները հուլիսի 20-ին տեղեկություն էին տարածել, թե Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը հայտարարեց, որ գերատեսչության ղեկավար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։