WCIT-ն հաջորդ տարի կրկին կանցկացվի Երևանում

WCIT–ի բացում. արխիվային լուսանկար
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում էր անցկացվել նաև 2019 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն, կրկին կանցկացվի Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Եվս մեկ մեծ իրադարձություն գալիս է Հայաստան։ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հարությունյանը հիշեցրել է, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել էր նաև 2019 թվականին:
Հավելենք, որ Երևանում 2019թ–ի հոկտեմբերի 6-9–ը անցկացված WCIT համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել շուրջ 60 երկրի պատվիրակություններ։
Համաժողովի հյուրերի թվում էին նաև աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ամերիկահայ գործարար և «Reddit» կայքի ու «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
Համաժողովն անցկացվում է 1978 թվականից ՏՏ ասոցիացիաների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից։ Սկզբում անցկացվում էր երկու տարին մեկ անգամ տարբեր երկրներում, 2017 թվականից` տարին մեկ անգամ: WCIT-ն հավաքում է առաջատար ընկերությունների, համալսարանների ղեկավարների և հետազոտական կենտրոնների ղեկավարների, ինչպես նաև աշխարհի տարբեր պետությունների բարձրագույն ներկայացուցիչների։