Ուրուգվայում կստեղծվի ՀՀ դեսպանություն

Ուրուգվայի խորհրդարանը
Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թ օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարի` Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նախագծում նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ.-ի իր բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որը ապահովվել է: Հետևաբար, 2023 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված են Ուրուգվայում դեսպանություն բացելու համար անհրաժեշտ միջոցներ: Բացի այդ, Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է նաև կառավարության 2021-2026 թթ ծրագրով:
Կառավարության հիմնավորման մեջ ասվում է, որ Հարավային Ամերիկայում Ուրուգվայը տնտեսապես ամենակայուն և ամենաակտիվ զարգացող երկրներից մեկն է, որի հետ առկա են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտներ, ի թիվս բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության, առևտրատնտեսական բնագավառների: Հետևաբար, Հարավային Ամերիկայում ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնումը ունի կարևոր նշանակություն:
«Ազատ տեղաշարժ ապահովել»․ Ուրուգվայի Սենատը Լաչինի վերաբերյալ հայտարարություն է ընդունել
«Հարավային Ամերիկայում գործում է ՀՀ երկու դեսպանություն, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում և Բրազիլիայում և հավատարմագրված են 4-5 երկրում: Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը հնարավոր կդարձնի նաև տարածաշրջանի այլ երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության ծավալումը, հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նրա ազդեցությունը Ուրուգվայի սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում»,– նշված է նախագծում:
Բացի այդ, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի ընդգծված հետաքրքրություն Ուրուգվայում և տարածաշրջանում, որոնք բավական մեծ տնտեսական հետաքրքրություն են սկսել ցուցաբերել՝ ներկայացնելով տարբեր գործարար, ներդրումային ծրագրեր:
Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թ օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանցիսկո Բուստիժո Բոնասոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:
Հարկ է նշել, որ 2019թ.-ի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից` դեսպանության մակարդակով)։
Ի դեպ, Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ 1965թ-ի պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։