ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Թուրքիան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման ժամկետների մասին։
Հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը: Նա համոզված է, որ «Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ պայմանավորվածությանը»։
«Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ։ Հենց այդ փաստաթղթի հիման վրա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Եվ հենց այդ փաստաթղթում են ուրվագծվում ինչպես զորախմբի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը», - նշել է ռուս դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում: Նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է։
Ռուս դիվանագետն ասել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը, զորախմբի գործունեությունն էլ ավելի պահանջված է։
«Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից», - ավելացրել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարևորել է նաև Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի համակարգված աշխատանքը: