Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացը խոր փակուղի է մտել. Գերմանիայի արտգործնախարար

Աննալենա Բերբոկ
Պաշտոնյայի խոսքով` հիմնական կետերը, որոնք անհրաժեշտ են այդ բանակցությունների համար՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, Թուրքիայում ոչ միայն չեն իրագործվել, այլև շատ հեռու են դրանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ բանակցային գործընթացը վերջին տարիներին ոչ միայն կանգ է առել, այլև խոր փակուղի է մտել։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուց հետո։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ հստակ կանոններ ունենք ԵՄ-ին միանալու գործընթացների վերաբերյալ։ Եվ այն, որ Թուրքիայի անդամակցության հեռանկարները, գործընթացներն ու առաջընթացը վերջին տարիներին ոչ միայն փակուղի են մտել, այլև ես կասեի` խորապես սառեցվել են, բացատրվում է նրանով, որ այդ բանակցությունների համար անհրաժեշտ հիմնական գլուխները՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ միայն չեն իրականացվել, այլև հեռու են դրանից»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել Անկարայի հետ կապերը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ հարևանությունը չափազանց կարևոր է:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է արագացնել Եվրամիության անդամակցության, մաքսային միության շրջանակներում հարաբերությունների թարմացման և ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հետ կապված բանակցային գործընթացը։ Թուրքիան պաշտոնապես ձգտում է որպես լիիրավ անդամ ԵՄ-ին անդամակցել 2005 թվականից։ Այժմ բաց են այսպես կոչված բանակցային դոսյեի 35 կետերից 16-ը։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը Կիպրոսի խնդիրն է։
Թուրքիան Արևմուտքի լիակատար աջակցությունն է ստացել Շվեդիայի վերաբերյալ որոշումից հետո