ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում Շախմատի միջազգային օրվան նվիրված մրցաշար անցկացվեց։
94 մասնակիցների թվում կային միջազգային վարպետներ, ՖԻԴԵ–ի վարպետներ, պատանի շախմատիստներ և պարզապես շախմատասերներ:
Անցկացվեց արագ շախմատի (10 րոպե գումարած 5 վայրկյան կատարած յուրաքանչյուր քայլի համար) մրցաշար, որը բաղկացած էր յոթ տուրից։
Մրցաշարում 100–տոկոսանոց արդյունքով հաղթեց ՖԻԴԵ–ի վարպետ Ալեքս Սահակյանը` 7 հնարավորից վաստակելով 7 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Երրորդը ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանն էր։ Երկու շախմատիստներն էլ վաստակեցին 6-ական միավոր, սակայն Դավթյանը լրացուցիչ ցուցանիշներով դարձավ արծաթե մեդալակիր:
Ի դեպ, անցած ամիս Ալեքս Սահակյանը դարձել էր Բաթումում կայացած կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր:
Էրիկ Հակոբյանն էլ վերջերս Բաթումում կայացած շախմատային փառատոնում զբաղեցրել էր չորրորդ մրցանակային տեղը։
Նշենք, որ հուլիսի 20-ին նշվում է Շախմատի միջազգային օրը, որը ՖԻԴԵ-ն սահմանել է 1966 թվականին: