«Սեպուհի» արտադրած 8 ավտոմեքենաներն արդեն ունեն պետհամարանիշ, կարող են վաճառվել. Քերոբյան

Նախարարի խոսքով` ավտոարտադրող գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում, և նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել այստեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Սեպուհի» արտադրած 8 ավտոմեքենաներն արդեն ունեն պետհամարանիշ, կարող են վաճառվել։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական «Ssang Yong» ընկերության պահեստամասերով մարդատար ավտոմեքենաներ է հավաքում ՀՀ–ում:
«Երկու տարի է` աշխատում ենք ընկերության հետ։ Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումներն այնպիսին են, որ փոքր մեքենաշինությունը բավականին բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք ընկերության կողքին լինել բավականին երկար ժամանակ, մինչև որ ստացվի ՀՀ–ում արտադրված մեքենաների պետական գրանցումն ապահովենք, քանի որ վին կոդը (ավտոմեքենայի նույնականացման համար) հայկական է»,– նշեց նախարարը։
Նախարարը տեղեկացրեց, որ «Սեպուհի» հիմնադիրը պարսկահայ գործարար Ջեյմս Ավետյանն է։ Նա ավտոմեքենաների արտադրության գործարան ունի նաև Իրանում, և ընկերությունը «Սեպուհ» է անվանել իր որդու պատվին:
Ավտոարտադրող գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում։
«Նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել։ Յուրաքանչյուր արտադրանք սկսվում է հավաքումից, և հետզհետե տեղի է ունենում լոկալացում»,– վստահեցրեց Քերոբյանը։
Ո՞վ է Հայաստանում մարդատար ավտոմեքենաներ «արտադրում». Վահան Քերոբյանի գրառման հետքերով
Ընկերությունն արդեն ութ մեքենա հավաքել է` թեթև մարդատար «Tivoli» քրոսովեր և «Rexton» ամենագնաց: Սա դեռ փորձնական խմբաքանակն է։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ջանքներն ուղղելու են նաև էլեկտրական մեքենաների արտադրությանը։ Նա պատմեց, որ վերջերս այցելել է Չինաստան, եղել ավտոմեքենաներ արտադրող խոշոր գործարանում` «Բեյջինգավտո» ընկերությունում, և խոսել ՀՀ–ում արտադրություն հիմնելու մասին։
ՀՀ իշխանություններին չի բավարարում մեր երկրում շահագործվող ավտոմեքենաների միջին տարիքը. այն բավականին հին է։
«Վերջին տվյալներով` ավտոմեքենաների միջին տարիքը կազմում է 20 տարուց ավելի։ Կառավարությունը շահագրգռված է, որ այս ավտոպարկը թարմացվի, ու նաև կլիմայի նկատմամբ ավելի բարենպաստ պայմաններ ապահովվեն»,– ընդգծեց Վահան Քերոբյանը։
Ինչ վերաբերում է մեքնեաների ներկրմանը, ապա նա նշեց, որ որպես էկոնոմիկայի նախարար` ավելի շահագրգիռ է, որ ՀՀ–ն արտադրի ավտոմեքենաներ, ոչ թե ներկրի։
Հիշեցնենք, որ 2023 թ հունվարի 24–ին aliq.ge–ն գրել էր, որ 2022 թ Վրաստանից ավտոմեքենաների արտահանման քանակով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ընդհանուր առմամբ, Վրաստանից Հայաստան է ներկրվել 144,7 մլն դոլարի ավտոմեքենա։