ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Ընդունված փոփոխությունները կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։
Վերոնշյալ փոփոխության կատարման անհրաժեշտությունը, կառավարության հիմնավորվմամբ, պայմանավորված է նրանով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ։
Ընդունված արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: