ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման շանսերը լավն են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Շատ լավ շանսեր կան։ Հենց որ մենք փորձագետներից, որոնք այժմ զբաղվում են նման հանդիպման մշակմամբ, ստանանք ամսաթվերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ, անպայման կհրապարակենք», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ ռուսական կողմը հաստատում է մոտ ժամանակներս Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը հիշյալ փաստաթղթի ստորագրման համար:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։