ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Նիդեռլանդների քաղաքացի, դաշնակցական Ասլան Ասլանյանին այսօր արգելել են մուտք գործել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այսօր ևս մեկ հայի արգելվել է մուտք գործել Հայաստան: Նա Հայաստան է ժամանել ընտանիքով: «Զվարթնոց» օդանավակայանում նրան չեն թողել մուտք գործել հայրենիք, խլել են անձնագիրը, 10 ժամից ավել սպասեցրել օդանավակայանում, հետո հայտնել, որ պետք է հեռանա, քանի որ իր անունը ներառված է ՀՀ մուտքի արգելք ունեցողների ցանկում»,– գրել է Վարդանյանը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ վերջին շրջանում սա կրկնվող նախադեպ է` հիշեցնելով, որ նման դեպքերով արդեն 4 դատական գործ գտնվում է դատարանում:
Հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին: Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: