Արցախում գրեթե 3 անգամ ավելացել է վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը

Թերսնման հետևանքով հղիների մոտ նաև սակավարյունություն է զարգանում, ինչը հանգեցնում է վաղաժամկետ ծննդաբերության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վերջին ամիսների ընթացքում գրեթե 3 անգամ ավելացել է հղիության վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը։ Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։ Նրա խոսքով` արդեն 220 օր շարունակվող շրջափակումը խիստ բացասական ազդեցություն է ունեցել առողջապահական ոլորտի վրա։
«Ցավոք, նաև նկատվում է պրենատալ (ներարգանդային շրջան` 22 շաբաթից սկսած մինչ ծննդաբերական փուլ) մահացության որոշակի աճ։ Սա մի քանի պատճառ ունի` մշտական թրես, բալանսավորված սննդի բացակայություն. հայտնի է, որ մեր բնակչությունը զրկված է վիտամիններով հարուստ, սննդարար մթերքների հասանելիությունից։ Այս ամենը բերում է սակավարյունության ավելացման, ինչը ևս նկատվում է վերջին ամիսներին»,– ասում է բժիշկը։
Նա հավելում է, որ վերջին շրջանում չեն կարողանում նաև հղիներին ապահովել անհրաժեշտ կաթնամթերքով, սննդակարգում նաև ձվի քանակն է խիստ նվազել։
Ակնայից Ասկերանով Կարմիր խաչը հումանիտար օգնություն չի տեղափոխել. Արցախի ՆԳՆ
Օսիպովիխոսքով` սակավարյունությունը ոչ միայն հանգեցնում է պտղի զարգացման հապաղման, այլև վաղաժամկետ ծննդաբերության և այլն։ Ըստ բժշկի` եթե նախկինում 7-8 տոկոս դեպքերում էին անհաս երեխաներ ծնվում, ապա հիմա ցուցանիշն արդեն 12 տոկոսի է հասել։
«Մենք նաև առերեսվում ենք դեղամիջոցների պակասի, հատկապես խնդիրը սրվել է վերջին 2 շաբաթների ընթացքում։ Եթե մինչ այդ Կարմիր խաչի միջոցով ստանում էինք որոշակի քանակի դեղամիջոցներ, վերջին շրջանում մենք այս հնարավորությունից էլ ենք զրկվել, մեր պահուստն էլ անսահման չէ, ցավոք, վերջին շրջանում մենք լուրջ խնդիր ունենք։ Շարունակվելու դեպքում հետևանքները կարող են ողբերգական լինել»,– ընդգծում է բժիշկը։
Նրա խոսքով` ստիպված են եղել դադարեցնել նաև պլանային բոլոր միջամտությունները, այդ թվում` ամբուլատոր հետազոտությունները։ Դեղորայքային ռեսուրսները խիստ սահմանափակ են, և հիմա օգտագործվում են միայն անհետաձգելի միջամտությունների համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։