ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում թվերով ցույց է տվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հումանիտար աղետի մասշտաբները, հայտնում են արտգործնախարարությունից:
Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ հունիսի 15-ից ի վեր բոլոր հումանիտար մատակարարումների կասեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական սպառման հետ, հանգեցրել է սննդամթերքի խորացող պակասին և խանութների փակմանը:
«Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Այսպիսով, ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք»,– ասել է նա։
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել շփման գծին հարակից մոտ 10,000 հեկտար հողի վրա գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, ինչն ընդհանուր մշակվող հողերի զգալի մասն է կազմում: Արդյունքում, այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվել է սովի մատնվելու և սովամահության եզրին:
ԱԳ նախարարաը ընդգծել է նաև, որ ԼՂ բնակիչները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից, քանի որ վառելիքի սղության հետևանքով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ ի վիճակի չլինելով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Իսկ հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։
«Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում: Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց»,– ասել է նա։
Միրզոյանը ներկայացրել է նաև վառելիքի սղության պատճառով առաջացած տրանսպորտային համակարգի կաթվածահար վիճակը ասելով, որ Ստեփանակերտում 60000 բնակչի համար այս պահին գործում է միայն 2 ավտոբուս։
«Ադրբեջանի այս դիտավորյալ գործողությունները չեն կարող որակվել այլ կերպ, քան անօրինական և անմարդկային։ Դրանք ոչ միայն ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները և ժողովրդի արժանապատվությունը, այլ նաև նպատակ են հետապնդում ստեղծել ապրելու համար անտանելի պայմաններ և Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման»,– ասել է նախարարը։
Արարատ Միրզոյանը իր ելույթում նշել է նաև, թե ինչ է Հայաստանը ակնկալում Ադրբբեջանից։
Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կվերականգնի Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների։ Հայկական կողմը ակնկալում է Ադրբեջանից նաև արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած որոշման հաստատում, դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության ապահովում, ինչպես նաև բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծում։