Ադրբեջանը չի էլ դիտարկել մեր առաջարկը. Միրզոյանը Ալիևի ելույթից հատվածներ է մեջբերել

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ադրբեջանական կողմը վարանում է ներգրավվել քննարկումներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական բանակցությունների ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։ Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` նշելով, որ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ։
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով։ Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները»,– ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով` խաղաղության և անվտանգության հաստատումը պահանջում է նաև վստահության ամրապնդման որոշակի միջոցառումների իրականացում։
«Այս նպատակով մենք առաջարկել ենք ապառազմականացված գոտի ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մեր առաջարկն է՝ ուժերը տեղափոխել 1975 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով սահմանված սահմանագիծ և սկսել քննարկում նշված ապառազմականացված գոտու ստեղծման կամ ուժերի հետքաշման պայմանների շուրջ։ Ցավոք, ադրբեջանական կողմը դեռ վարանում է ներգրավվել այդ քննարկումներում, և հայկական կողմի՝ ավելի քան մեկ տարի առաջ մեխանիզմների վերաբերյալ Ադրբեջանին գրավոր տրամադրված առաջարկը նույնիսկ չի էլ դիտարկվել»,– ընդգծել է նախարարը։
Միրզոյանը նշել է, որ բանակցությունների օրակարգի մեկ այլ հարց կապված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հետ։
«Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր և ունենալով փակ սահմաններ մեր չորս հարևաններից երկուսի հետ՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ օրակարգի առաջմղման հարցում՝ հստակ գիտակցելով, որ հաղորդակցության բոլոր ուղիները պետք է գործեն երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հիման վրա և հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան։ Վերջին երեք տարիներին այս հարցում արձանագրված առաջընթացը մեզ տալիս է որոշակի լավատեսություն, ինչպես մենք ենք կոչում, «Հայկական խաչմերուկի» տեսլականին հետամուտ լինելու հարցում»,– ավելացրել է նա։
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վարմանը զուգահեռ, Ադրբեջանը հետևողական գործողություններ է իրականացնում, որոնք հանգեցնում են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում իրավիճակի վատթարացմանը։
Նա նշել է, որ մայիսի 28-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստովանել է իր իրական մտադրություններն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը պատշաճ կերպով հասցեագրելու դժկամությունը։ Նա անդրադարձել է Ալիևի ելույթից որոշ ուղերձների.
«Ապրիլի 23-ին սահմանին տեղադրված սահմանային անցակետը պետք է դաս լինի այսօր Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի համար։»
«Մենք պատրաստվում ենք մեր ծրագրած վերջին քայլն անել, և այդ քայլն արվելու է, ես դրանում կասկած չունեմ։ Ես կրկին ասում եմ նրանց այստեղից՝ Լաչինի հողից, որը նրանք երկար տարիներ շահագործում էին և ապօրինի բնակեցմամբ էին զբաղվում, որ իրենց գիրքը փակված է»։
«Իմ ներկայացուցիչը գնաց և առաջին հանդիպումն ունեցավ նրանց հետ, հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ բանակցելու: Նրանք հրաժարվեցին դա անել: Դրանից հետո, մենք երկրորդ անգամ հրավիրեցինք նրանց Բաքու, այսինքն՝ Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին։ Նրանք դրանից էլ հրաժարվեցին։ Երրորդ հրավեր չի լինելու: Կամ կգան գլուխները կկախեն և ինքնուրույն կգան, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։»
«Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ»,– ասել է Միրզոյանը։
Արտգործնախարարը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 ք/կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։
Միրզոյանն ընդգծել է` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։