ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասնայանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի և թմրամիջոցներ պահելու համար»,- հայտնեց փաստաբանը:
Նա նաև հայտնեց, որ այսօր Արցախի դատախազությունն այսօր բողոքարկել է Վիտալի Բալասանյանի կալանավորման հարցով Արցախի առաջին ատյանի դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է Արցախի վերաքննիչ դատարան։ Գործը ուղարկվել է Արցախի վերաքննիչ դատարան։
Ռաֆայել Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ Վիտալի Բալասանյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե ինչ մարմնական վնասվածքներ է ստացել նա անազատության մեջ։
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն ձերբակալել են հուլիսի 13-ին Արցախում: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։
Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասի կասկածանքով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Հուլիսի 14–ին Բալասանյանի առողջական վիճակը վատացել էր. նրան տեղափոխել էին Արցախի Հանրապետական հիվանդանոց։
Հուլիսի 17–ին Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։