Թուրքիան և ԱՄԷ-ն ընդհանուր 50,7 մլրդ դոլարի 13 համաձայնագիր են ստորագրել

Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄԷ
Ստորագրված համաձայնագրերի շնորհիվ Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի, նշել է Թուրքիայի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի շրջանակներում Թուրքիան և Արաբական միացյալ էմիրությունները 50,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 13 համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։
«Այսօր (հուլիսի 19-ին) Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել և ընդունվել է տարբեր ոլորտների վերաբերող 13 փաստաթուղթ։ Դրանց շրջանակներում կողմերը պայմանավորվել են «Բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդ» ստեղծել՝ Թուրքիայի և ԱՄԷ-ի նախագահների գլխավորությամբ: Այս համատեղ հայտարարության շնորհիվ ԱՄԷ-ի հետ մեր հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի»,-հայտնել են ծառայությունից։
Հստակեցվում է, որ որոշում է կայացվել խորացնել առկա համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, ենթակառուցվածքները, լոգիստիկան, էլեկտրոնային առևտուրը, ֆինանսները, առողջապահությունը, սննդամթերքը, զբոսաշրջությունը, անշարժ գույքը, շինարարությունը, պաշտպանական արդյունաբերությունը, արհեստական ինտելեկտը և առաջադեմ տեխնոլոգիաները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-19-ը շրջագայում է Պարսից ծոցի երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Կատարում և ԱՄԷ-ում: Այցի հիմնական նպատակը նշված երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումն է և Թուրքիային անհրաժեշտ ներդրումների ծավալների ավելացումը: