ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ նիստին մասնակցել է 288 դատավորներից 188-ը, այսինքն՝ քվորումն ապահովվել է:
«Հաջորդ ժողովի օրվա և ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– ասաց Շաբոյանը։
Հիշեցնենք` հուլիսի 18-ին ՀՀ դատավորների միությունը հայտարարություն էր տարածել, որ Դատական դեպարտամենտը վտանգում է դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը։
Նշվում էր, որ հուլիսի 19-ին նշանակված դատավորների ընդհանուր ժողովի ծանուցում, որտեղ ի թիվս այլ հարցերի կա նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու հարցը, դեպարտամենտն ուղարկել է միայն ՀՀ մարզերի դատարանների դատավորներին։
Ավելի վաղ` 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին: