ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմի մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակեցին Բաղրամյան պողոտան։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
«3 տարի է` մեզ խաբում են, մենք այս քայլին ստիպված ենք դիմում»,–ասաց ծնողներից մեկը։
Ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում Փաշինյանի հետ, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ Նրանք վստահեցնում են, որ ունեն տեսանյութեր, ապացույցներ, որ իրենց երեխաները գերության մեջ են, տղաների ինքնությունը նույնականացվել է, բայց գերությունից բերող չկա։
Նախագահականից խոստացել էին, որ նրանց կընդունեն, բայց ոչ ոք նրանց մոտ չիջավ զրուցելու։
«Ինչքան հնարավոր է, այնքան էլ կկանգնենք, քանի դեռ մեզնից մեկը չի ուշաթափվել։ Հիմա մեր երեխաներն ավելի վատ վիճակում են։ Իրենք առավոտից մեզ խաբում են, վերջին 2 ժամն էլ ասում են` 15 րոպե էլ դիմացեք, կիջնեն։ Մենք հոգնեցինք սպասելուց»,– ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնող Կարինե Մանավազյանը։
Այս պահին Բաղրամյան պողոտայում խցանում է առաջացել։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: