ՄԱԿ–ը 3 ամիս ունի ՌԴ–ի հետ հացահատիկի վերաբերյալ հուշագիրը կատարելու համար. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Զախարովան նշել է, որ հուշագրի կատարման կոնկրետ արդյունքների առկայության դեպքում Մոսկվան կվերադառնա հացահատիկային գործարքի քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ը ևս երեք ամիս ունի ռուսական հացահատիկի և պարարտանյութեր արտահանման վերաբերյալ հուշագրի կատարման համար։ Sputnik ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«ՄԱԿ–ը դեռ երեք ամիս ունի կոնկրետ արդյունքների հասնելու համար»,– նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան կվերադառնա հացահատիկային գործարքի թեմայի քննարկմանը, եթե հուշագրի կատարման վերաբերյալ կոնկրետ արդյունքներ լինեն։
Ռուսաստանը հուլիսի 17-ին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին, որ դեմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները և Սև ծովի հյուսիսարևմտյան ջրատարածքում փակում մարդասիրական միջանցքը։ Այդպիսով` առանց Ռուսաստանի մասնակցության սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը հուլիսի 18-ից դադարել է գործել։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Ռիսկեր կան. Պեսկովը՝ առանց ՌԴ-ի հացահատիկի գործարքի մասին
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել հացահատիկային գործարքը
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։
Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: