Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը

Արխիվային լուսանկար
Երկու եղբայրները ծառայում էին ոստիկանության զորքերում, զոհվել են 2 օրվա տարբերությամբ` Շուշիի համար պաշտպանական մարտերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գինեկոլոգ–ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը։
Ծնողները նորածին որդուն Դավիթ են անվանել։
«Որպես բժիշկ անչափ դժվար է, շատ էմոցիոնալ…Պատասխանատվության չափը աննկարագրելի, երբ միաժամանակ 2 տղաներին կորցրած ծնողները վայրկյանները հաշվելով սպասում էին դրական արդյունքի։ Դավիթը ծնողներին կրկին հույս և լույս տվեց ապրելու»,– գրել է բժշկուհին։
Նա նաև հայտնել է, որ Դավիթը լույս աշխարհ է եկել փոխնակ մայրիկի օգնությամբ։
Սամվելը 27 տարեկան էր, Տիգրանը` 26։ Երկուսն էլ զբաղվում էին սպորտով` ֆուլ կոնտակտ կարատեով։ Եղբայրները ոստիկանության զորքերում էին ծառայում 2019 թվականից։
Երկու եղբայրները միասին մասնակցել են Շուշիի պաշտպանությանը։ Սամվելը զոհվել է նոյեմբերի 5-ին, իսկ կրտսեր եղբայրը նրանից 2 օր անց` նոյեմբերի 7-ին։