Կհեռանամ այս աշխարհից առանց ափսոսանքի. Ալեն Դելոն

Ալեն Դելոնը. Արխիվային լուսանկար
Խոստովանենք, երբեմն շատ հստակ զգում ենք, որ այս իրականությունը, որում ապրում ենք, մեզ բոլորովին դուր չի գալիս, պարզապես բարձրաձայն չենք արտահայտում մեր դժգոհությունը։
Sputnik
Ալեն Դելոնը արտահայտում է։ Վերջերս «Le Point» փարիզյան հանդեսին տված հարցազրույցում 88-ամյա դերասանը ասել է. «Ես ատում եմ Ֆրանսիայի պատմության այս դարաշրջանը, այն ինձ մոտ զզվանք է առաջացնում։ Կան մարդիկ, որոնց ես ուղղակի տանել չեմ կարողանում։ Շուրջն ամեն ինչ կեղծ է։ Չկա դիմացի մարդու կարծիքի նկատմամբ ուշադրություն և հարգանք։ Նշանակություն ունի միայն փողը։ Հաստատ կարող եմ ասել, որ կհեռանամ այս աշխարհից առանց ափսոսանքի»։
Այն հարցին, թե արդյոք ամենևին չի վախենում մահից, հայտնի դերասանը պատասխանել է. «Ոչ, բացարձակ չեմ վախենում։ Մահն ընդհանրապես այս աշխարհում միակ բանն է, որում կարող ես վստահ լինել։ Կարող եմ միայն ասել, որ մենակ չեմ թողնի շանս՝ Լուբոյին։ Եթե նա ինձնից ավելի շուտ մեռնի, ինչի հույսն ունեմ, ես նոր շուն չեմ բերի, թեև կյանքիս ընթացում 50 շուն եմ ունեցել, բայց այս մեկի հետ իմ հարաբերությունները հատուկ են։ Ինքն ինձ նյարդայնացնում է, որովհետև չի ուզում աստիճաններով բարձրանալ և քնել հետս։ Բայց ես գնահատում եմ նրա բծախնդիր բնավորությունը, նա ամեն մեկին չի սիրում։ Եթե ես մեռնեմ նրանից շուտ, ապա մինչ այդ կխնդրեմ անասնաբույժին, որ սրսկի նրան ու մենք կյանքից հեռանանք միասին։ Լավ է այդպես, քան իմանամ, որ առանց ինձ Լուբոն տանջվելու է և մեռնելու է գերեզմանիս վրա։ Ապա Ալեն Դելոնն խոստովանում է, որ երբեք չի կարողացել սիրել մարդկանց այնպես, ինչպես սիրել է շներին։ «Դե, իհարկե, որոշ մարդկանց սիրել եմ, բայց նույնիսկ առանց նման մարդկանց կարողացել եմ ապրել։ Իսկ առանց շների երբեք չեմ կարողացել»։
Այժմ աշխարհահռչակ դերասանը մենակ ապրում է իր առանձնատանը, քայլում է ձեռնափայտով և անընդհատ վերհիշում է կյանքից հեռացած մերձավորներին։ Նրանցից վերջինը նրա կինն էր՝ Նատալին, որը քաղցկեղից մահացավ 2021 թվականի հունվարին։ Շատերն էին ցանկանում ընկերանալ Ալեն Դելոնի հետ, բայց նա միշտ էլ շատ մեծ դժվարությամբ էր իսկական ընկերներ ձեռքբերում։ Վերջում մնացել էին երեքով՝ ինքը, Ժան-Պոլ Բելմոնդոն և Ժան-Լուի Տրենտինյանը, որը կյանքից հեռացավ ուղիղ մեկ տարի առաջ։ «Նաև հրաշալի ընկերական հարաբերություններ ունեմ Բրիջիտ Բարդոյի հետ։ Մենք հաճախ ենք միմյանց հետ շփվում հեռախոսով, երկուսս էլ կենդանիներ ենք սիրում։ Եթե չլիներ Բրիջիտի սերը կենդանիների հանդեպ, նա հաստատ հիմա արդեն ինքնասպանություն գործած կլիներ՝ բոլոր հայտնի սեքս-խորհրդանիշների նման։ Կնոջ համար անտանելի է այլևս ցանկություն չտեսնել տղամարդու աչքերում», -փաստել է Ալեն Դելոնը։
Նրա ծնողները բաժանվեցին, երբ Դելոնն ընդամենը 4 տարեկան էր։ «Ես տարիներ շարունակ միայնակ էի և փորձեցի հաղթահարել այդ միայնությունը, երբ դարձա 17 տարեկան` որոշեցի մասնակցել Հնդկաչինում ընթացող պատերազմին։ 21 տարեկանից էին բանակ վերցնում, իսկ 17 տարեկանների համար պարտադիր էր ծնողների համաձայնությունը։ Ու պատկերացրեք`հայրս ու մայրս մեծ պատրաստակամությամբ դրեցին իրենց ստորագրությունները, կարծես ուզում էին երկրորդ անգամ ազատվել ինձնից», -պատմել է Դելոնը մեկ այլ փարիզյան պարբերականի՝ «Paris Match»-ի թղթակցին։
Այնուամենայնիվ Դելոնը երբեք չի դատապարտել ծնողներին, որոնք լքել են իրեն։ «Ուղղակի շատ շուտ հասկացա, որ քեզ կարող են թողնել այն մարդիկ, որոնց դու ամենից շատն ես սիրում։ Իհարկե, երբ հայտնի դարձա, հայրս ու մայրս սկսեցին ավելի մոտ հարաբերություններ պահպանել ինձ հետ։ Նրանք հպարտ էին, որ Ալեն Դելոնի ծնողներն են՝ հանկարծ հիշեցին, որ տղա ունեն։ Մայրս նույնիսկ սկսեց ինքն իրեն կոչել մադամ Դելոն, թեև իր ազգանունը Բուլոն էր։ Հասկացա, որ ինքը ոչ թե մայր դարձավ, այլ երկրպագու»։
Եվ վերջում Ալեն Դելոնը խոստովանում է. «Ճիշտն ասած, վստահ չեմ, որ ես էլ լավ հայր եմ եղել երեխաներիս համար։ Իրենց պետք է հարցնել։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ փառքը մարդուն մեկուսացնում, հեռացնում է մնացյալ աշխարհից։ Այդ թվում նաև սեփական երեխաներից։ Չէ որ ես նրանց համար ոչ միայն հայր եմ, այլև Ալեն Դելոն»։
«Չեմ ուզում բեռ լինել». լեգենդար Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել