ՀՀ ՊՆ-ն կրկին հերքել է Ադրբեջանի դեմ իրանական դրոններ օգտագործելու մասին լուրերը

Այս անգամ Երևանի կողմից իրանական ԱԹՍ-ների օգտագործման մասին պնդումը հայտնվել է իսրայելական լրատվամիջոցներում, ադրբեջանական լրատվամիջոցները վերցրել են այդ տեղեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանն իրանական դրոններ չի օգտագործել Ադրբեջանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները։
Հայկական կողմը չի կիրառում իրանական ԱԹՍ–ներ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում
Մասնավորապես, իսրայելական I24news լրատվական պարբերականն էր հայտնել, թե վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի քանի բախումների ժամանակ հայկական կողմը «Շահեդ» դրոններ է օգտագործել ադրբեջանական դիրքերի դեմ։
Այս տեղեկությունը տարածել են նաև որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ, որոնք ավելի վաղ ակտիվորեն առաջ էին տանում նմանատիպ թեզ։
«Պաշտպանական գերատեսչությունը մի քանի անգամ պաշտոնապես անդրադարձել է ադրբեջանական մամուլում շրջանառվող նույնաբովանդակ կեղծ տեղեկություններին»,– մեզ հետ զրույցում նշեց Թորոսյանը։
Նշենք, որ Հայաստանի կողմից իրանական ԱԹՍ-ների օգտագործման մասին պնդումներն ավելի վաղ հերքել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ավելին` ՊՆ–ն հերքել էր ոչ միայն ԱԹՍ–ների օգտագործումը, այլ ընդհանրապես դրանց առկայւոթյունը հայկական սպառազինության մեջ։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել Հայաստանի կողմից իրանական դրոնների կիրառման մասին ապատեղեկատվությունը, որ փչացնի Երևանի և Բրյուսելի հարաբերությունները: