Հայաստանում սիգի ընդհանուր պաշարն աճել է, կարասը վերացման եզրին է. մասնագետ

Ձկնաբուծարան
Հայկական ձկնատեսակների պահպանման և բազմացման համար մասնագետն առաջարկում է հատուկ միջոցառումներ, որոնք կօգնեն փրկել մեր էնդեմիկ տեսակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Վերջին տարիներին սիգի ընդհանուր պաշարները մի փոքր աճել են. արդյունագործական ծավալը 500-600 տոննա է, իսկ ընդհանուր պաշարը` 4-5 հազար տոննա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուխ Գաբրիելյանը` ավելացնելով, որ սիգի ամենաբարձր քանակը եղել է 1989-1991 թվականներին (28-30 հազար տոննա), իսկ 2000-ականների սկզբին այն շատ կտրուկ նվազեց։
Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի հիդրոկենսաբանության ինստիտուտը հուլիսի 16–ից ուսումնասիրում է Սևանա լճում ձկան պաշարը։ Նրանց այդ հարցում օգնում է նաև ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը։
Գաբրիելյանը նշեց, որ իրենց կառույցը մոտ 30 տարի է` տարբեր մեթոդներով ուսումնասիրում է Սևանա լճի ձկնապաշարները, իսկ չեխ մասնագետների այցն իրենց չի վրդովեցրել։
«Միգուցե այսպիսով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ցանկանում է այլընտրանքային հաշվարկ ունենալ ու համոզվել, որ մեր հաշվարկները սխալ չեն։ Մենք դեմ չենք։ Չեխ մասնագետները ցանցեր են տեղադրում Սևանա լճում ու միաժամանակ մեր էխոլոտ սարքի հետ համատեղ իրենց սարքն են օգտագործում։ Մեր մասնագետներն իրենց հետ սինքրոնացվել են, որպեսզի միմյանց չխանգարեն»,– տեղեկացրեց Գաբրիելյանը։
Ստացված արդյունքները, ըստ նրա, միգուցե հրապարակվեն օգոստոսին։
Անդրադառնալով մեր ձկնատեսակներին` մասնագետը նշեց, որ մենք արդյունագործական շատ տեսակներ չունենք` սիգ, կողակ, նաև կարաս։ Նրա խոսքով` կարասի պաշարներն այսօր կտրուկ ընկել են, իսկ կողակը վերացման եզրին է։ Ինչպես այս ձկնատեսակների, այնպես էլ սիգի ու խեցգետնի պաշարների նվազման հիմնական պատճառը, Գաբրիելյանի խոսքով, որսի չարաշահումն է։

«Կարասների մոտ նաև հայտնաբերվել է նաև մակաբույծների բարձր վարակման ինտենսիվություն, որը բերում էր մանրաձկի մահվան։ Կարասը ապրում է ծանծաղուտներում, իսկ մակաբույծները նման տեղերում են ավելի շատ բազմանում։ Բացի այդ նաև ջրլող թռչուններն են սնվում կարասով, մեր տեղական ձկներն են սնվում նրանցով, բայց, միևնույնն է, հիմնական պատճառը ոչ կառավարելի որսն է»,– նկատեց հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանության բաժնի վարիչը։

Նա խոստովանեց` քանի որ կարասը ներմուծված, ոչ տեղական տեսակ է, այն միշտ դիտվել է որպես էկոլոգիապես ոչ ցանկալի տեսակ. կերային ու բազմացման իմաստով այն մրցակից էր մեր տեղի ձկներին` կողակին ու բեղաձկանը։ Այդ պատճառով ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը չէր սահմանափակել նրա որսը։
Ինչ վերաբերում է կողակին, ապա այն իշխանի ու բեղաձկան նման հայկական էնդեմիկ ձկներից է։
Սևանից լրացուցիչ ջրառը կարող է հանգեցնել ճահճացման, ջրի որակի անկման. Բարդուխ Գաբրիելյան
«Ճիշտ է` այն ենթատեսակ է, ոչ թե տեսակ, սակայն արժեքավոր ձուկ է։ Նրա հիմնական որսն իրականացվում էր գարնան ու ամռանը, երբ գետերում սկսվում է նրա բազմացումը։ Բացի այդ, կողակը հիմնականում ձվադրում է ափամերձ գոտում, իսկ այստեղ ջրի մակարդակի իջեցումն ու աղտոտումը նրա ձվադրման վայրերը վերացել են»,– ահազանգեց մասնագետը։
Իշխանի դեպքում, նրա խոսքով, ձկնապաշարը դժվար է որոշել. Այս ձկնատեսակն ինքնավերարտադրում չունի, քանի որ պետք է բազմանա գետերում, իսկ մենք համապատասխան գետ չունենք` կա՛մ աղտոտված են, կա՛մ հուները փոխած են, կա՛մ ջուր չկա։
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն առաջարկել է փորձնական ծրագիր իրականացնել. գետերից մեկին, օրինակ` Կարճաղբյուրին, պահպանության հատուկ կարգավիճակ տալ, որ գոնե այդտեղ հնարավոր լինի ապահովել իշխանի բնական բազմացումը։
Նշենք, որ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները։
Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի)։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից զգուշացրել են, որ արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։