ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կեսգիշերին Գորիս-Երևան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի ունեցած պատահարի մասին ահազանգ է ստացել ժամը 00:04-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Հ․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: