ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը` վկայակոչելով իր աղբյուրները։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։
Կայքը գրում է, որ այս որոշումը զարմանալիորեն ժամանակից շուտ է կայացվել։ Նախորդ կալանքի ժամկետը լրանում էր օգոստոսի 15-ին, սակայն հիմա արդեն որոշում կայացվեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացնել մինչև նոյեմբերի 15-ը։
Նշենք, որ Sputnik Արմենիան փորձեց տեղեկություն ստանալ Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։