ԵՐԵՎԱՆ, 18 հուլիս -Sputnik. ԵՄ-ն նախապատրաստում է Ուկրաինային ռազմական աջակցության ծրագիր, որը ներառում է զենքի մատակարարում և զինվորականների մարզում։ 20 մլրդ եվրոյի հիմնադրամը 4 տարի կհամալրի Կիևի ռազմական պաշարները։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Այդ գումարը համապատասխանում է տարեկան 5 մլրդ եվրոյի, ինչը մոտավորապես 2022 թվականին ԵՄ-ից ստացած ռազմական օգնության ծավալն է։ Politico-ն նշում է, որ զենքի մատակարարման համար նման հատկացումները «տեկտոնիկ տեղաշարժ» են Եվրամիության համար, որն իր ամբողջ պատմության ընթացքում իրեն դիրքավորել է որպես խաղաղ նախագիծ:
Պարբերականը նշում է, որ Եվրամիությունը կառաջարկի նպատակային հիմնադրամ ստեղծել ուկրաինական զինված ուժերի մատակարարմանն աջակցելու համար:
Օգնության այս ծրագիրը պետք է լրացնի Եվրահանձնաժողովի առաջարկած 50 մլրդ եվրո բյուջետային օգնության փաթեթը, որը նույնպես նախատեսված է 4 տարվա համար։ Այն լրացնելու համար Եվրահանձնաժողովն արդեն կոչ է արել ԵՄ երկրներին լրացուցիչ ներդրումներ կատարել: