«Ասում էին` հաղթանակը Հայաստանին չեն տա». Մաշա Մնջոյանը` «Սլովյանսկի բազարի» մասին

Մաշա Մնջոյան
Մաշա Մնջոյանը կարող է ներառվել մանկական «Սլավյանսկի բազարի» ժյուրիի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Սլավյանսկի բազար» մրցույթում հաղթեց ոչ թե քաղաքականությունը, այլ արվեստը։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց երգչուհի Մաշա Մնջոյանը` նշելով, որ մրցույթին մեկնել էր ոչ միայն մասնակցելու, այլև հաղթելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացված «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է գրան պրի մրցանակի։
«Ինձ հաճախ ասում էին, որ Հայաստանին հաղթանակը չեն տա, բայց ես ռիսկի գնացի և համոզվեցի, որ հաղթեց արվեստը, ոչ թե քաղաքականությունը», – ասաց երգչուհին։
Մնջոյանի խոսքով` համերգի հիմնական առավելությունը երկօրյա ելույթների ձևաչափն է։ Այդ ընթացքում ժյուրին հնարավորություն է ստանում ծանոթանալու արտիստների կարողություններին և առավելագույնս արդար գնահատելու նրանց ելույթները։
«Ամեն արտիստ չէ, որ կարող է մասնակցել միջազգային համերգներին, քանի որ հայրենիքը ներկայացնելը պատասխանատվություն է և բավական բարդ խնդիր։ Ինքս ինձ խոստացել էի այլևս չմասնակցել մրցույթների, բայց քանի որ խոսքը հայրենիքի պատվի մասին էր, ես դրժեցի խոստումս և ընդունեցի առաջարկը», – նշել է նա։
Երգչուհին նկատեց, որ մրցույթի շնորհիվ բազմաթիվ ծանոթություններ է ձեռք բերել և որոշել է ազատ ժամանակն օգտագործել Հայաստանում մի քանի երգ թողարկելու համար, իսկ հասցնելու դեպքում` նաև ալբոմ։
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանն էլ հայտնեց` քննարկումներ են ընթանում, որ Մաշա Մնջոյանը ելույթ ունենա հաջորդ տարվա մրցույթի բացմանը և ներառվի մանկական մրցույթի ժյուրիի կազմում։
Նրա խոսքով` մրցույթի կազմակերպիչներն արդեն ծանոթ են հայ կատարողներին և նրանց ուժեղ մրցակիցներ են համարում։ Կիրակոսյանի խոսքով` հայ երգիչ–երգչուհիները միջազգային շուկայում մրցունակ են, և դա նույնիսկ մրցույթի անդամներն են նշում։
«Մեր հաղթանակը երկարամյա աշխատանքի, ճիշտ ձևավորված հարաբերությունների և ճիշտ մասնակից ներկայացնելու արդյունք էր»,– ասաց պատվիրակության ղեկավարը։
Նա տեղեկացրեց, որ քննարկվում է 2024 թվականին «Սլավյանսկի բազարի» շրջանակում եվրոպական աստղերի մասնակցությամբ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ անցկացնելու հարցը։
Նշենք, որ «Սլավյանսկի բազարը» ամենամյա միջազգային մրցույթ է, որն անցկացվում է Վիտեբսկում 1992 թվականից։