ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու արտահերթ նիստում այսօր բաց քվեարկությամբ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանը։
Մինչ համայնքի նոր ղեկավարի ընտրությունը, ավագանին միաձայն ընդունեց արդեն նախկին ղեկավար ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանի՝ լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումը:
Հուլիսի 13–ին հայտնի դարձավ, որ Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն առողջական խնդիրների պատճառով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել։ Այս մասին Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել ինքը` համայնքապետը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի քվեարկության ժամանակ ավագանու 17 քվեաթերթիկից 1 քվեաթերթիկ եղել է անվավեր, 1-ը՝ դեմ, մյուս 15-ը կողմ են քվեարկել:
Ի դեպ, թեև Իգիթյանը որպես հրաժարականի պատճառ նշում է առողջական խնդիրները, լուրեր են պտտվում, որ խնդիրը ՔՊ-ի կողմից ճնշումներն են եղել:
Համայնքի արդեն նորընտիր ղեկավար Զավեն Մանուկյանն ընտրության արդյունքները հայտարարելուց հետո նախ շնորհակալություն հայտնեց խմբակիցներին վստահության համար, ապա խոստացավ, որ ինքն ու իր թիմը կլուծեն համայնքի առջև ծառացած խնդիրները:
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանը
© Photo : press office of Akhuryan municipality
Նշենք, որ Արծրունի Իգիթյանը Ախուրյան համայնքը ղեկավարել է 26 տարի։
2021 թ. ՏԻՄ ընտրություններում Ախուրյան խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար 3 քաղաքական ուժ էր պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» և «Ախուրյան» դաշինքները: Իշխանություն ձևավորելու համար «Հաղթանակ» և «Ախուրյան» դաշինքները հուշագիր ստորագրեցին և կոալիցիա կազմած երկու ուժերը ստացան առավելագույն մանդատ։
«Ախուրյան» դաշինքը գլխավորող ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանը, ընտրվեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար: