ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Վրաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին 5–կիլոմետրանոց շրջանցիկ հատված կառուցել, քանի որ գոյություն ունեցող ճանապարհը վատ վիճակում է և չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահ Գեորգի Ծերեթելին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ խոսքը Ստեփանծմինդա–Գվելեթի հինգկիլոմետրանոց հատվածի մասին է։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտն արդեն մրցույթ է հայտարարել։ Նոր ճանապարհը կլինի Արշա–Ստեփանծմինդա շրջանցիկ ճանապարհի շարունակությունը և կլինի նոր մայրուղու հանգուցային հատվածներից մեկը: Այս ճանապարհի շնորհիվ հնարավոր կլինի հասնել Կոբի գյուղ՝ առանց Ստեփանծմինդա մտնելու։
Ըստ նախագծի՝ շինարարական ընկերությունը պետք է կառուցի երկու էստակադա` 2 018 մետր և 636 մետր, ինչպես նաև անցկացնի երկու թունել` 460 մետր և 846 մետր երկարությամբ:
Նախագծի արժեքը կազմում է 245 մլն լարի։