Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է նաև զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՊՆ N զորամաս և առանձնազրույցներ ունեցել զորամասի սպաների հետ, ներկայացրել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել ընթացող պարապմունքներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զորամիավորման և զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
Ինչպես հաղորդում են պաշտպանական գերատեսչությունից` Սուրեն Պապիկյանը սպաներին հորդորել է կատարելագործել անձնակազմի շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններին պատշաճ ներկայանալու համար: