Միրզոյանը Հելգա Շմիդտի հետ խոսել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ և քննարկել տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
«Ներկայացնելով տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման Հայաստանի տեսլականը՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում: Շեշտվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը:
Նախարարը շեշտել է, որ 21-րդ դարում հրատապ են միջազգային դերակատարների գործուն քայլերը` կանխելու Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները։
Միզոյանն այս հարցում կարևորել է նաև ԵԱՀԿ մեխանիզմների և առկա գործիքակազմի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:
Երկուստեք ընդգծվել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է բոլոր առկա խնդիրների պատշաճ հասցեագրում։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում, որտեղ տեղի է ունեցել նրա հանդիպումն Ավստրիայի ԱԳ նախարարի հետ։ Միրզոյանը նաև հանդիպումներ է անցկացրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։