Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, դա ամբողջ ԵՄ–ի դիրքորոշումն է. Ավստրիայի ԱԳ նախարար

Նախարարը նշել է, որ գոնե Կարմիր խաչի և այլ մարդասիրական կազմակերպությունների համար Ղարաբաղ մուտք գործելը նվազագույնն է, ինչ կարելի է անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի, այդպիսին է ոչ միայն Ավստրիայի, այլև ամբողջ Եվրամիության դիրքորոշումը։ Այս մասին Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը մտահոգված է Ուկրաինայի հակամարտությամբ, սակայն չպետք է մոռանալ նաև ԵՄ մյուս հարևաններին, այդ թվում` Հարավային Կովկասը։
«Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել և պետք է անհապաղ դադարեցվի», - հայտարարել Է նախարարը:
Միրզոյանն ասել է` որն է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի առանցքային հարցը
Նախարարը նշել է, որ Վիեննան մտահոգված է սրվող հումանիտար իրադրությամբ, ուստի անհրաժեշտ է գոնե միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Կարմիր խաչի մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ բացել` մարդասիրական օգնություն հասցնելու համար: Դա նվազագույնն է, ինչ կարելի է անել։
«Մենք գտնվում ենք խաղաղ բանակցությունների փուլում, սակայն դրանց համար փոխադարձ վստահություն է պետք։ Իրավիճակը Լաչինի միջանցքում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ և կարող է խաթարել բանակցություններում ներդրված բոլոր ջանքերը», - հայտարարել է Շալենբերգը։
Նա նշել է նաև մի շարք այլ չլուծված հարցեր՝ գերեվարված անձանց վերադարձը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։