ՀՀ ՄԻՊ–ը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հանդիպել է Վարուժան Ավետիսյանի հետ

Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել և առանձնազրույց է ունեցել նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ (2016–ին` «Սասնա ծռերի» անդամ), դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Պաշտպանը ծանոթացել է նրա առողջական վիճակին և անհրաժեշտ փաստաթղթերին։
Անահիտ Մանասյանը հանդիպել է քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ տեղափոխելու, տրանսպորտային միջոցներին առնչվող մի շարք հարցեր:
Ի դեպ

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում է գտնվում նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, սակայն նրա հետ պաշտպանը չի հանդիպել։ Հունիսի 29–ին նա հայտարարել էր` երբ Արմեն Աշոտյանը կալանավորվեց, ինքը Վիեննայում գործուղման էր, սակայն իր հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ընդդիմադիր գործչին։ ՀՀԿ փոխնախագահը պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել, նրա հիմնական մտահոգությունները վերաբերել են գործի հանգամանքներին, քննությանը, ինչպես նաև խափանման միջոցին։

Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհել էր ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվել էին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանը 2021-ի փետրվարին վճռել էր Պավլիկ Մանուկյանին դատապարտել 7 տարի ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարի 4 ամիս։
Վերաքննիչ դատարանն այդ վճիռը թողել էր անփոփոխ: