Հայաստանը պետք է պրոակտիվ աշխատի, որպեսզի Հյուսիս–հարավ էներգետիկ միջանցքը ՀՀ տարածքով դառնա իրականություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատեց էներգետիկ հարցերի փորձագետ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով Իրանի Էներգետիկայի նախարարի հայտարարությունը ՌԴ–ի էներգետիկ համակարգին Հայաստանի և Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով միանալու մասին։
«Խոսքը Հյուսիս–հարավ էներգետիկ միջանցքի գործարկման մասին է, որն ակտիվ փուլ է մտել դեռ 2015թ–ից և որը ենթադրում էր Ռուսաստան–Հայաստան–Վրաստան–Իրան էլեկտրահաղորդման գծերի միացում և սինխրոնիզացում։ Այսինքն` ՀՀ–ն պետք է կառուցի դեպի Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը ու նաև դեպի Վրաստան էլեկտրահաղորդման նոր գիծ, որը կապահովեր այդ կապը»,– պարզաբանեց փորձագետը։
Հայաստան–Իրան 400 կՎտ լարմամբ 3-րդ էլեկտրագծի շինարարությունը մեկնարկել է տարիներ առաջ։ Այն նախատեսվում էր շահագործման հանձնել 2020թ–ին։ Բայց վերջնաժամկետը անընդհատ հետաձգվում էր, հիմա այն նախատեսվում է գործարկել լավագույն դեպքում 2025թ-ին։
Նույն հզորությամբ մի գիծ էլ նախատեսվում է կառուցել դեպի Վրաստան, քանի որ գործող 220 կՎ լարմամբ էլեկտրագիծը բավարար չէ տարծաշրջանային նախագծին մասնակցելու համար։ Այս գծի կառուցման անհրաժեշտութւյան մասին առաջին անգամ հայտարարվել է 2017թ–ին։ Բայց շինարարությունն առ այսօր նույնիսկ չի էլ մեկնարկել։
Բայց մինչ Հայաստանը հապաղում է, Իրանն ու Ռուսաստանը, Արթուր Ավետիսյանի դիտարկմամբ, լոգիստիկ նոր լուծումներ են փնտրում էներգետիկ ծրագրերի իրականացման համար։
«Ռուսաստանն ու Իրանը` որպես խոշոր և ռազմավարական մտածելակերպով պետություններ, չեն կարող սպասել։ Թեև առաջնահերթությունը և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի կողմից միշտ տրվել է Հայաստան–Վրաստան առանցքին, բայց քանի որ այդ առանցքը տարբեր պատճառներով անընդհատ ինչ–որ հապաղումներ է ունենում, իսկ 44-օրյա պատերազմից հետո ավելի դժվարացել է դրա իրագործումը, նաև` Ադրբեջանն է ակտիվացել, ուստի դիտարկվում է նաև այդ երկրի տարածքով տարանցման հնարավորությունը»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ Ադրբեջանը շահեկան դիրքում է շնորհիվ իր հարթավայրային ռելիեֆի։ Բայց Հայաստանի տարբերակն էլ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանն իրենց ծրագրերում չեն չեղարկել։ Ուստի, մասնագետի համոզմամբ, Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատի տարածաշրջանային ծրագիրն իր տարածքով իրականացնելու համար։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Հյուսիս–հարավ էներգետիկ ծրագրի իրագործումը կարևոր է ոչ միայն Իրանի ու Ռուսաստանի համար, այլև Հայաստանի ու Վրաստանի, որոնք դրա շնորհիվ հնարավորություն կստանան դուրս գալու եվրոպական էներգետիկ շուկա` Սև ծովի հատակով նախանշված էլեկտրագծի կառուցման շնորհիվ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ակտիվացմանը, Արթուր Ավետիսյանը չի բացառում, որ այդ երկիրն իր բոլոր ջանքերը ներդնելու է Հայաստանին տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելու համար։ Բայց միաժամանակ փորձագետը համոզված է, որ նախագծի մասնակից խոշոր պետությունները չեն կարող իրենց ծրագրերում դիտարկել միայն Ադրբեջանի տարբերակը` հատկապես, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը էլեկտրաէներգիայի արտադրւթյան մեծ ռեսուրսներ չունի։ Բայց ակտիվորեն աշխատում է Արցախի օկուպացված տարածքներում արևային էներգիայի արտադրական հզորություններ հիմնելու ուղղությամբ, որը հետագայում ծրագրում է արտահանել Եվրոպա` օգտվելով հենց տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից։
«Հետևաբար, Ադրբեջանի հետ մենք գուցե նավթի, գազի առումով մենք չենք կարող մրցակցել, և դա մեր ուղղությունը չէ, բայց էլեկտրաէներգիայի մասով մենք այս պահին գոնե տարածաշրջանային առաջատար ենք և կարող ենք դա ամրապնդել»,– ասաց Արթուր Ավետիսյանը։
Հիշեցնենք` Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը օրերս հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան շուտով կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը Ադրբեջանի տարածքով։ Հետագայում այդ կապը կլինի նաև Հայաստանի և Վրաստանի միջոցով։