Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ–ն լրագրողների հավատարմագրման կարգը հաստատել է

Քվերակություն. Արխիվային լուսանկար
Ըստ հաստատված` կարգի` լրագրողները կկարողանան ԿԸՀ շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում հաստատել է սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններին լրագրողների հավատարմագրման կարգը։Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Այդ կարգի ընդունումը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լրագրողների իրավունքների սահմանափակում, հակառակը՝ դրանով ԿԸՀ-ն հավատարմագրված լրագրողների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում»,– նշված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի՝ լրագրողները կկարողանան շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու, սակայն հավատարմագրված լրագրողների համար ԿԸՀ-ն նաև որոշակի մասնագիտական դասընթացներ կիրականացնի։
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռուստաընկերությունների եթերաժամանակին, ապա Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի սակագնի հրապարակման ժամկետը մինչև հուլիսի 19-ի 18։00-ն է։
Գովազդային վահանակներ տիրապետող կազմակերպությունների համար ԿԸՀ-ն էլեկտրոնային գործիքակազմեր է մշակել, որոնք առաջիկա օրերին կներկայացվի այդ ընկերություններին։
Նիստին նաև հաստատվել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, ըստ որոնց, օրինակ, կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նաև հիշեցրել էր, որ Երևանի ավագանու ցուցակում կարող են ընդգրկվել 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ համայնքում 1 տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ Քաղաքապետի թեկնածուն կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, 30 տարեկանը լրացած ավագանու անդամը։
ԿԸՀ նախագահը ասել է, թե ինչ ժամանակացույցով են անցկացվելու Երևանի ավագանու ընտրությունները