Երևանի 55-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 734 հատ կանեփի բույս. նա կալանավորվել է

Երևանի 55-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 734 հատ կանեփի բույս
Բացի դրանից նրա տանը հայտնաբերվել է 151 գրամ մարիխուանա ու երկփողանի հրացան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Երևան քաղաքի 55-ամյա բնակչի տանը, հարակից հողամասում և բակում հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քաղաքացու բնակարանում հայտնաբերվել են նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև երկփողանի հրացան:
«Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքացու բնակարանում հայտնաբերվել են 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր
Նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ: Պարզվել է, որ 151 գրամ զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել հրազենի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի հոդվածներով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: