Դատական դեպարտամենտը պատշաճ չի ծանուցել դատավորներին առաջիկա ժողովի մասին

Արխիվային լուսանկար
ՀՀ դատավորների միությունից ահազանգում են, որ Դատական դեպարտամենտը կրկին զրկել է դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Դատական դեպարտամենտը վտանգում է դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատավորների միությունը։
Նշվում է, որ հուլիսի 19-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի ծանուցում, որտեղ ի թիվս այլ հարցերի կա նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու հարցը, դեպարտամենտն ուղարկել է միայն ՀՀ մարզերի դատարանների դատավորներին։
«Այսպիսով` Դատական դեպարտամենտը կրկին անտեսել է խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը»,– ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ ավելի վաղ` 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին:
ՀՀ դատավորների միությունը կոչ է անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին և Սահմանադրության ճիշտ կիրառմանը, քանզի Դատական դեպարտամենտը չի կարող ըստ իր հայեցողության կամ այլոց թելադրմամբ մեկնաբանել, կանխորոշել և ձևավորել սահամանադրական անկախ մարմինը, որը պետք է երաշխավորի դատական իշխանության անկախությունը, իսկ վերոհիշյալ գործելաոճի բացասական հետևանքների կրողը դատավորներն են ու արդարադատության շահառուն՝ հանրությունը: