ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Բոսֆորի նեղուցում չպայթած ական է հայտնաբերվել, հայտնում է TRT Haber-ը։
Նշվում է, որ նեղուցում ոստրեներ որսացող քաղաքացին ջրի տակ ական հիշեցնող առարկա է հայտնաբերել: Նա այդ մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին:
Ոստիկանությունը ափին անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել, իսկ սուզորդներն այդ ընթացքում ջրից հանել են ականը: Զինամթերքը տարել են փորձաքննության, ապա վնասազերծել։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի ԱԴԾ-ն լողացող ականների հայտնվելը կապում էր Ուկրաինայի կողմից Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստների մատույցներում 420 նման սարքերի տեղադրման հետ։ ՌԴ ԱԴԾ-ն չէր բացառել պոկված ականների հոսքի հնարավորությունը Բոսֆորի նեղուց, ապա՝ Միջերկրական ավազանի ծովեր:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետագայում մի քանի անգամ հայտարարել էր իր ափերի մոտ լողացող ականների հայտնաբերման մասին։ Երկրի իշխանությունները Բոսֆորում վտանգավոր առարկաները հայտնաբերելու համար ռադարներ էին տեղադրել։
Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) նախազգուշացրել էր, որ նավերը պետք է ծայրահեղ զգուշությամբ շարժվեն Սևծովյան տարածաշրջանում՝ լողացող ականներից խուսափելու համար։