ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ճանաչված երգչուհի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը` Սիրուշոն անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի գործով իրեն դատախազություն հրավիրելուն։
«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել ու այս օրերին էլ՝ նույնպես: Արդեն իմունուտետ ունեմ ու անտարբեր եմ․․. Գործը, որ արել եմ, միշտ շարունակում եմ անել ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ», - ինստագրամի իր էջում գրել է Սիրուշոն։
Հիշեցնենք` գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքի նկատմամբ։
Ուսումնասիրության նախնական արդյունքներով` ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման 20 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 ընկերություններում (իրավաբանական անձ), ավելի քան 1.5 միլիոն դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ և շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել: